Թուրքիայում քրիստոնյայի գերեզման են պղծել. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

փայլան.

Տրապիզոնի Սուրբ Մարիա կաթողիկե եկեղեցու գերեզմանատանը ատելության հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով անհայտ անձինք քանդել ու հրկիզել են հանգուցյալ Զեհրա Չոլաքի գերեզմանի խաչը։ Դեպքի փաստով Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր Գարո Փայլանը հարցում է ուղղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Փայլանը նշել է՝ նախքան այս հարձակումը, Չոլաքի հուղարկավորության ընթացքում մի խումբ մարդիկ ցանկացել են սադրել արարողությունը՝ «Ալլահ ու աքբար» բացականչելով:

«Նման հարձակում պատահել է նաև փետրվարի 7-ին Անկարայի քրիստոնյա քաղաքացիներին պատկանող Օրթագյուղի գերեզմանատանը. անհայտ անձինք քանդել են 19 գերեզմանաքար։ Հարց ենք տալիս ներքին գործերի նախարարին. Հրանտ Դինքի եւ Սանթարո վարդապետի դեմ ոճիրները կատարվել էին Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդված հրոսակախմբերի կողմից։ Տրապիզոնի ոստիկանության մեջ նման հրոսակախումբ կա՞»,-նշում է Փայլանը:

Հարցման մեջ պատգամավորը նշել է, թե Զեհրա Չոլաքի հուղարկավորության ժամանակ պատահած սադրանքի մասին նախարարության կողմից հետաքննություն կատարվո՞ւմ է, և արդյոք բացահայտվա՞ծ են պատասխանատուները, նրանց ինքնությունը ճշտվա՞ծ է, կասկածյալները արդարադատության մարմիններին հանձնվե՞լ են:

Փայլանը նաև հարցրել է՝ Տրապիզոնում մահացած քրիստոնյա քաղաքացու հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սադրանքից հետո ինչո՞ւ հարկ եղած ապահովության միջոցներ չեն ձեռնարկվել: Փայլանը կարծիք է հայտնել, որ այդ ատելության հարձակումները պայմանավորված են նրանց քրիստոնյա լինելով: