Ուկրաինայի խորհրդարանում կքննարկվի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ուկրաինայիխորհրդարան

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինայինն է։ Այն Ուկրաինայի Գերագույն խորհրդում գրանցվել է փետրվարի 14-ին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը մեկնաբանել է Դարիա Վոլոդինայի քայլը՝ այն համարելով կարևոր՝ մարդասիրության, ճշմարտության և արդարության գաղափարներին հետևողականորեն հավատարիմ լինելու տեսանկյունից։

Կայքը փոխացմամբ՝ սա վերջին 10 տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը:

2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել: