«Аргументы и факты»-ն շնորհակալ է Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

 

նիկոլ
«Аргументы и факты»-ն անդրադարձել է Մյունխենում անվտանգության միջազգային ամենամյա համաժողովում տեղի ունեցած հասարակական քննարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Աղբյուրը նախ նկատում է, որ 2 երկրների միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են, եթե ոչ՝ թշնամական, իսկ պատճառը ԼՂ շուրջ վեճն է, ապա հավելում է, որ Մյունխենում ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը փորձել են միմյանց և հանդիսատեսին համոզել, որ Ղարաբաղում միայն իր երկիրն ունի օրինական իրավունքներ։  

«Վեճի ընթացքում անսպասելիորեն հղում է կատարվել մեր շաբաթաթերթի հրապարակմանը:

«1990-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական «Аргументы и факты» թերթին, որում նա ասել է, որ Խոջալիում տեղի ունեցած սադրանքները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Մի քանի րոպե անց նա կրկին հիշեցրել է ընդդիմախոսին այս պատմության մասին. «Անձամբ ես «Аргументы и факты» թերթում կարդացել եմ Ադրբեջանի նախկին նախագահի հետ հարցազրույցը: Կարծում եմ`ինտերնետում հեշտ է այն գտնել»»։

Հոդվածագիրը նկատում է, որ երբ խոսքի իրավունք է ստացել  Իլհամ Ալիևը, նա ևս անտարբեր չի մնացել ՀՀ վարչապետի այս փաստարկներին՝ նշելով, որ չգիտի՝ ինչ է գրվել «АИФ»-ում», բայց գիտի, որ «АИФ»-ն անկախ թերթ է, որում աշխատում են շատ հայեր, ապա հավելել, որ Ադրբեջանում գիտեն՝ քանի հայ է գլխավորում ռուսական հիմնական թերթերը, և գրում են իրենց ուզածները:

«Երկու հարգարժան քաղաքական գործիչների միջև վեճի մանրամասների մեջ չմտնելով, մենք նշում ենք միայն, որ Ալիևի խոսքերը «АИФ»-ում շատ հայերի» (և նույնիսկ ավելին՝ հրատարակության ղեկավարության մեջ), մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Եվ սա վերաբերում է ինչպես ներկայիս խմբագրակազմին, այնպես էլ լրագրողներին, ովքեր աշխատել են 90-ականներին: Զավեշտալին այն է, որ ՀՀ վարչապետը նույնպես սխալվեց: Մութալիբովի հարցազրույցը հրապարակվել է ոչ թե «АИФ»-ում, այլ 1992-ին «Независимая газета»-ում: Եվ 1995-ին «АИФ»-ին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչը նման բան Խոջալուի կոտորածի մասին չի ասել»,-գրում է թերթը։

Վերջում հոդվածագիրը շնորհակալություն է հայտնում պարոնայք Փաշինյանին և Ալիևին միջազգային ասպարեզում թերթը գովազդելու համար։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս