​​​​​​​Իրանից ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր․ նրանց մոտ չկան կասկածելի նշաններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

իրանիսահման

Փետրվարի 25-ի ժամը 17:30-ի դրությամբ՝ Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է։ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը․ վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։

«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաև ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որևէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։ Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Փետրվարի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն ցամաքային հաղորդակցության դեպքում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը, իսկ օդային հաղորդակցության դեպքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը:

ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում կասկածելի ախտանիշեր որևէ անձի մոտ չեն արձանագրվել։