Գյումրիում սպանված կնոջ 13-ամյա աղջիկը միացված է արհեստական շնչառության ապարատին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Արհեստական ապարատ

Մարտի 5-ին Գյումրիում ծեծի ենթարկված երեխան այս գիշեր տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
 
«Երեխայի մոտ առկա է գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ, ունի գիտակցության կորուստ, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Կոչ եմ անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավական դաշտում։ Մեզ անհրաժեշտ են օրենքներ, որոնք կբացառեն նման բռնությունները», -  ասել է պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ Գյումրիում երիտասարդ մոր սպանության և նրա դստեր ծեծի դեպքը հասարակության անտարբերության հետևանք է։

«Մեր հասարակությունում կա բռնություն, որին շատերը սառնասրտությամբ են վերաբերում։ Արդեն մահացած կնոջ հասցեին համացանցում առկա վիրավորանքների տեղատարափն ուղղակի զարհուրելի էր։ Բայց քանի-քանի այսպիսի դեպքեր կան, որոնց մասին մենք լռում ենք», - ասել է պատգամվորը։