13-ամյա աղջկա հարազատներից որևէ մեկը չի դիմել, չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Գիշերը ժամը 1։30-ին «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների կողմից ռեանիմոբիլով Գյումրուց Երևան է տեղափոխվել պոլիտրավմայով 13 տարեկան աղջիկ։ Նա միացված է եղել արհեսատական շնչառության սարքի, եղել է անգիտակից վիճակում։ Այս մասին լրագրողներին ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

«Գյումրիում կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտությունները, ինկուբացիա։ Բուժման և հետազոտման անհրաժեշտ բոլոր մեթոդներից և վիճակի որոշակի կայունացումից հետո երեխան տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Քիչ առաջ կատարվել է կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որը հաստատել է՝ երեխան ունի ծանր, զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի բազմակի ոսկորների կոտրվածք, ծնոտի կոտրվածք, ամրակի կոտրվածք, 10-րդ կողի կոտրվածք, բազմակի սալջարդեր, որովայնի սալջարդ, կրծքավանդակում՝ արյան կուտակում», - նշել է Դալլաքյանը։

Ըստ բժշկի՝ երեխան շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքին, աղջկա հարազատներից որևէ մեկը չի դիմել, չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով։