Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի այցելությունները Եվրոպա պատահական չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

քաղաքական

«Քաղաքականության մեջ պատահականություն, որպես կանոն, չի լինում, կամ շատ քիչ է լինում»,- կարծում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ պատասխանելով 24News-ի հարցին, թե ի՞նչ կապ կարող են ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մեկ օրվա տարբերությամբ Բրյուսել իրականացրած այցերը:

Բադալյանը, այդուհանդերձ, կարծում է, որ Փաշինյանի բրյուսելյան այցն առավելապես պայմանավորված էր արտաքին-քաղաքական բարդ ու բազմաշերտ միջավայրով:Ըստ նրա, տարեսկզբից,  երբ ԱՄՆ-ն Բաղդադում աննախադեպ որոշումով չեզոքացրեց իրանցի բարձրաստիճան գեներալին, գործ ունենք էապես նոր տարածաշրջանային իրավիճակի հետ, ինչի զարգացման հաջորդ փուլը ռուս-թուրքական բախումն էր Իդլիբում: 

«Այդ ամենը, անկասկած, վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Եվրոպային, ու կովկասյան անվտանգության առանցքային դերակատար երկրի՝ Հայաստանի ու Եվրամիության ղեկավարության հանդիպումն այդ համատեքստում ընթացիկ անհրաժեշտություններից մեկն է: Բնականաբար,  այդ հանդիպման օրակարգում եղել են նաև ներքին հարցեր: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «մեղադրյալ» կարգավիճակին, ապա արտերկիր մեկնելու համար, կարծես թե, եղել է դատարանի թույլտվությունը»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Նա միաժամանակ հավելում է՝ Սարգսյանի՝ Բրյուսել մեկնելն ապացույցն է նաև հանգամանքի, որ նախկին նախագահի դատավարությունը քաղաքական հետապնդում չէ, ինչպես այն փորձ են ներկայացնել նրա թիմում: Ընդ որում, նույն այդ մարդիկ Սարգսյանի «հետապնդման» հանգամանքը ներկայացրել են նաև Եվրոպայում, բայց փաստը, որ «քաղաքական հետապնդման» ենթարկվողը ազատ այցելում ու քաղաքական բնույթի հանդիպումներ է ունենում Եվրոպայում, արդեն իսկ խոսում է հետապնդման իրական կամ մտացածին լինելու մասին:

Դառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե «նախկինները գնում են Եվրոպաներում աղիողորմ լացում են, թե մեզ ճնշում են», Բադալյանն արձագանքեց՝ նմանատիպ հայտարարությունը տեղավորվում է այն հռետորաբանության շրջանակում, որ կիրառվում է ընտրական գործընթացների ժամանակ:

«Միևնույն ժամանակ, կարծում եմ Սարգսյանի բրյուսելյան այցի առանցքային շարժառիթները Եվրոպայում տրտնջալը չէր: Այստեղ ավելի շատ տեսնում եմ Հայաստանի արդեն նախկին իշխող համակարգի ներսում տարբեր խմբերի պայքարի համատեքստ, որտեղ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մրցակցային առավելություն են տեսնում եվրոպական ուղղությունը: Ինչ վերաբերում է տեսակետին, որ թե՛ Փաշինյանի, թե՛ Սարգսյանի՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ կարող է քննարկված լինել Արցախյան հարցը, ապա այստեղ Մինսկի խմբի համանախագահների առաջնայնությունն անվիճարկելի է: Եվրոպան անմիջական էական դերակատարում այդ հարցում չունի»,- ամփոփեց քաղաքագետ Բադալյանը:

Վրույր Սևակ