Սա անգործ կթողնի ֆեյքերի բանակին․ Պետրոսյանը մեկնաբանում է իր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

գևորգ

«Մենք սահմանում ենք պարտականություն, որ լրատվամիջոցը հեռացնի իր էջից վիրավորանք ու հայհոյանք պարունակող արտահայտությունները»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում է լրատվականներին պարտավորեցնել իրենց էջերից հեռացնել մարդկանց հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները:

«Մեր լրատվամիջոցները պարտականություն չեն համարում ջնջել վիրավորական արտահայտությունները քաղաքական ու պետական գործիչների հասցեին, իսկ հնարավորություն էլ անհատապես նրանց հետևից գնալու չկա: Եթե 12 ժամվա ընթացքում լրատվական կայքն իր էջից չի հեռացնում հայհոյանքը, կայքի նկատմամբ կիրառվի վարչական պատասխանատվություն: Դա միանգամայն թույլատրելի է և տեղավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրի սահմաններում», - ասել է Պետրոսյանը:

Նա նաև նշել է, որ ատելության մթնոլորտի ստեղծմանը նպաստող ֆեյքերի բանակն անգործ կմնա։

«Ո՞ւր ենք հասել, սենց հասարակության մեջ պառակտումը խորանում ա»։

Պետրոսյանը հավելել է, որ կարող են քննադատել նրան, ասել, որ իր առաջադրած օրենսդրական նախագիծն անգրագետ է․ «Թող ասեն՝ նախագիծը հակասում է սահմանադրությանը, բայց ոչ թե անձնական վիրավորանքներ լինեն, ընտանիքի անդամներին ամենավերջին բառերը ասեն»։

Ավելի վաղ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնել էր, որ շուտով շրջանառության մեջ է դնելու նախագիծ, որով հնարավոր կլինի պայքարել կեղծ բարեպաշտների՝ ֆեյսբուքյան ֆեյքերի դեմ: