«Չեմ վախենում կորոնավիրուսից». Սերժ Թանկյանը մեկուսացման մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

սերժ

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայում է ինքնամեկուսացման մեջ: Այդ ընթացքում աշխարհահռչակ երաժիշտը հարցազրույց է տվել նորզելանդացի հայտնի լրագրողներից մեկին:

«Չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ հիմա կատարվում է, և շարունակում ենք այն, ինչ անում էինք: Եվ առանց հասկանալու՝ գնում ենք դեպի մեր անկայուն ապագան»,- ասել է նա:

Թանկյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը մարդկանց համար տարբեր հարցերում սեփական մոտեցումները վերանայելու հնարավորություն է: 

«Սա չնախատեսված դադար է՝ պատրադրված բնության կողմից, որը մեզ ստիպում է մտածել, թե որն է զարգացվածության չափանիշը, այն գնահատելու սանդղակը: Մինչև հիմա այդ չափանիշը տնտեսական աճն էր, որն ակնհայտորեն դիմացկուն չէ: Սա ստիպում է մեզ հետքայլ անել ու մտածել, թե որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը, ապրելակերպի՞ բարելավումը, երջակությա՞ն շատացումը…

Սա հիանալի հնարավորություն է նորից մտածելու այն մասին, թե մեզ համար՝ որպես քաղաքակրթության, ինչն է զարգացում, ինչն է իրոք կարևոր: Տնտեսության կայուն զարգացումը դիմացկուն երևույթ չէ, և սա կատարյալ օրինակ է, թե ինչ կարող է անել բնության կողմից այդ մի փոքրիկ բանը:

Մենք այնքան խոցելի ենք: Փոքրիկ բանը կարող է այսպես ամեն ինչ կանգնեցնել: Մենք պետք է ավելի խելացի լինենք էկոլոգիայի ապագայի հարցում»,- ասել է Թանկյանը և նշել, որ ստեղծված իրավիճակը կնպաստի, որ աշխարհը կփոխվի, ու դա կլինի մարդկանց պատճառով:

«Սա վախենալու բան է, բայց աշխարհի վերջը չէ, սա այն աշխարհի վերջն է, որը մենք ճանաչում ենք, բայց ոչ թե վիրուսի պատճառով, այլ մեր պատճառով»,- ասել է Թանկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Տեսանյութեր

Live

Լրահոս