Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։

«Ստիպված ենք ՀՀ քաղաքացիների մի շարք կենսական իրավունքներ սահմանափակել։ Սա մենք անում ենք իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը հաղթահարելու համար»:-ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն ԱԺ-ն արտահերթ նիստի ժամանակ չընդունեց: Վարչապետը տեղեկացրել է, որ հիմա փնտրում են մեթոդ այն կրկին ԱԺ բերելու՝ նշելով, որ նախագիծը «քաղաքական քմահաճույք» չէ, այլ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար է:

«Սրա հետ է կապված այն օրենսդրական փոփոխությունը, որ կառավարությունն առաջարկել է։ ԱԺ-ն ցավոք չընդունեց։ Հիմա փնտրում ենք եղանակ նորից ԱԺ ներկայացնելու այդ նախագիծը։ Երբ արձանագրվում է դրական դեպք, մենք փորձում ենք հասկանալ, թե ինքը որտեղից է վարակվել, կամ վարակված անձն ում հետ է շփվել, և այս երկու կատեգորիայի մարդկանց մեկուսացնում ենք։ Հիմա ունենք իրավիճակներ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել։ Նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ բերել ենք այսպիսի մեխանիզմ, որ քանի որ բոլորն ունեն բջջային հեռախոսներ, համակարգիչը շատ ավելի արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել, և որն է պոտենցիալ վարակակիրների շրջանակը»:-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է նաև լուրջ վերաբերել խնդրին՝ առանց խուճապի մատնվելու:

«Կա վարկած, որ կորոնավիրուսով շատ-շատերս ենք վարակվելու, եթե՝ ոչ բոլորս։ Հիմա մենք առնվազն 2 հարց ունենք լուծելու, նախ, որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, ինտենսիվ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների թիվն այնքան չշատանա, որ մեր առողջապահական համակարգն ուղղակի կաթվածահար լինի, և մենք այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում՝ ծառերի տակ, մահճակալներ տեղադրել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս