Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

բակո

Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ: Երբ մենք խոսում ենք այդ կարգի հարցերի մասին, նման գնահատակնները շատ դեպքում ոչ միայն տեղին չեն, այլև վտանգավոր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, թե հետևում է՝ ինչպիսի կարծիքներ և տեսակետներ են հնչեցվում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ:

«Մենք այն ժամանակ, Ապրիլյան պատերազմից հետո և մշտապես տալու ենք մեր գնահատականները: Ես ասել եմ, որ հակառակորդը ծավալել էր լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, և մեր հավաքական ներուժն օգտագործվեց հերթական անգամ, որի արդյունքում մենք արժանի հակահարված հասցրինք այդ գործողությունների մասնակիցներին»

Նա նշել է, որ այն ժամանակ իր առաջին կարգադրությունը եղել է ոչ միայն դիմակայել այդ զարգացումներն իրականացնողներին, այլև կասեցնել նրանց գործողությունները և ոչնչացնել նրանց կենդանի միջոցները և ուժերը. «Այդպես էլ կատարվել է: Բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ հանձնարարականը, արժանի են առաջին հերթին փառքի»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանն աշխատել են իր ղեկավարության օրոք, և հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նրանց, ընտրվելու դեպքում, նախագահի պաշտոնում նրանցից որևէ մեկը կկարողանա՞ հավուր պատշաճի գործունեություն ծավալել, ԱՀ նախագահն արձագանքել է, որ ճիշտ չէ այժմ գնահատականներ տալ այդ մարդկանց մաին, քանի որ քանի որ ընտրությունները դեռ չեն ավարտվել:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Արայիկ Հարութունյանի ընտրվելու դեպքում Սահակյանը դառնալու է ԱԽ քարտուղար, և հարցին՝ նման քննարկում եղե՞լ է, ինքը մտադի՞ր է մնալ քաղաքականության մեջ, Սահակյանը պատասխանել է՝ այդպիսի քննարկումներ չեն ունեցել.« Ճիշտ չէր լինի այդպիսի քննարկումներ ծավալելը: Ես այդպսիսի նպատակներ, այդպիսի հաշվարկներ չեմ ունեցել»:

Հարցին՝ ի՞նչ է պետք անել, որ ընտրություններից հետո ամեն ինչ խաղաղ անցնի, ԱՀ նախագահը նշել է, որ հավանական լարված զարգացումների դեպքում կան բոլոր հնարավորությունները՝ զսպելու հնարավոր ոչ խաղաղ հետևանքները. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, ունենք օրենքով սահմանված բոլոր միջոցները, որոնք կգործադրվեն»: Այնուամենայնի, նախագահը նշել է, որ նման զարգացումներ չեն լինի:

Այն հարցին էլ, թե ի՞նչ կասի նա իրեն սատարաող բանակին, Սահակյանը նշել է. «Դա մեծ բանակ է, ինչպես դուք եք ասում, և տեղին է ասել, որ մենք խոսում ենք ժողովրդի մասին:

Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել այդ հաջողություններն արձանագրելու համար: Իհարկե կան բացեր, չլուծված խնդիրներ, բայց ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և տարբեր լուծումներ կտա այս պահին չլուծված հարցերին»: