Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

շիրակ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ըստ մարզպետի՝ վարակված բժիշկն ինֆեկցիոն հիվանդանոցի տուբերկուլոզային բլոկի աշխատակից չի եղել, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդներն ու բարձր ռիսկի խմբի քաղաքացիները, սակայն վարակվել է:

«Նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորվելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա նրանց օղակն է ամբողջությամբ մեկուսացվել»,- ասել է մարզպետը:

Այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 13 քաղաքացի կա, մարզում մահվան մեկ դեպք է արձանագրվել, մահացածը Անի համայնքից է:

Կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվել են միայն Գյումրիում և Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում: Մեկուսացվածների ճնշող մեծամասնությունը Գյումրիի բնակիչներն են: Մարզում մեկուսացված և ինքնամեկուսացված է 100-ից ավելի քաղաքացի կա:

«Մեկուսացվածների թիվը հարաբերական է, քանի որ մի մասը մեկուսացվել է մեզ մոտ, մի մասն ինքնամեկուսացվել է: Բուժման ավարտին մոտեցող մարդկանց թիվ կա արդեն: Նաև մեկ հոգի ունենք, որն արդեն դուրս է գրվել ինֆեկցիոն հիվանդանոցից: Մոտ օրերս կրկին սպասում ենք դուրս գրվողների։ Մեկուսացվածների մեջ կան և՛ ռիսկի գոտում գտնվողներ, և՛ կոնտակտավորներ, և՛ ռիսկի գոտուց վերադարձածներ: Հատկապես մեծ է վերադարձածների թիվը, որոնք որևէ առողջական խնդիր չեն ունեցել, սակայն ուշադրության կենտրոնում են, և առաջնային օղակը, ոստիկանությունն իրենց հետ շարունակում են աշխատել»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ «Գյումրի» ԲԿ-ից մեկուսացված 29 բուժաշխատողներն իրենց լավ են զգում: Դեռ որևէ մեկի մոտ առողջական խնդիր չկա:

«Նրանց հետ կոնտակտավորների շրջանակն է քննարկվում, եթե կարիք լինի, մենք մեկուսացման միջավար ունենք Շիրակի մարզում, կմեկուսացնենք»,-ասել է մարզպետը:

Շիրակի մարզպետը նաև տեղեացրել է, որ Գյումրու ինֆեկցիոնն աստիճանաբար մոտենում է գերծանրաբեռնվածության շեմին, քանի որ յուրաքանչյուր հիվանդի ու մեկուսացվածի 1 սենյակ է տրամադրվում, և հավանաբար այլ տարածքում մեկուսացումներ կազմակերպելու կարիք չի առաջանա, քանի որ և՛ դուրս գրվող քաղաքացիների, և՛ մեկուսացումից դուրս եկողների զգալի թիվ է լինելու առաջիկայում: Եթե նույնսիկ դրա կարիքը լինի, մարզը, ըստ մարզպետի, պատրաստ է դրան: