Թուրքական նավը պատրաստում է հորատման․ Հունաստանը դատապարտում է, Թուրքիան՝ համառում

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

թուրքական նավ

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ արձագանքել է Հունաստանի արտգործնախարարության՝ Միջերկրական ծովում Թուրքիայի կազմակերպած հորատման աշխատանքներին ուղղված քննադատությանը։ Գրել է Ermenihaber-ը։

Աքսոյի պնդմամբ՝ հունական կողմը գիտակցաբար անտեսում է այն հանգամանքը, որ Թուրքիան օրինական իրավունքներ ունի Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Էգեյան ծովում, իսկ Կիպրոսի թուրք բնակչությունը՝ որպես կղզու համասեփականատեր, հունական կողմի հետ հավասար իրավունքներ ունի կղզու շրջակա ջրերի օգտակար հանածոների նկատմամբ։

Նշենք, որ հունական կողմի դժգոհությունն է հարուցել այն հանգամանքը, որ թուրքական «Yavuz» նավը պատրաստվում է հոկտեմբերին բնական գազի որոնման աշխատանքներ սկսել Միջերկրական ծովի արևելքում։ Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է այդ նախաձեռնությունը՝ թուրքական նավի գործողություններն անօրինական որակելով։

Կիպրոսի հարակից ջրային տարծաքներում Թուրքիայի կողմից բնական պաշարների որոնումները վերջին շրջանում հույն–թուրքական տարաձայնությունների հիմնական թեման են։ Հունաստանը և Կիպրոսը պնդում են, որ Թուրքիայի բոլոր գործողությունները նշված տարածքում հակասում են միջազգային իրավունքի նորմերին, իսկ Թուրքիան իրեն հավասար իրավունքներ է վերապահում՝ վկայակոչելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իրավունքները տարածաշրջանում։