Դոնալ Թրամփի ու Ջո Բայդընի միջեւ պայքարը` Չինաստանին քննադատելու եղանակով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News      

ԱՄՆ

Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ նաեւ այն պատճառով, որ քննադատում էր Չինաստանին` ԱՄՆ-ից «աշխատատեղեր խլելու», իսկ մրցակից Հիլարի Քլինթընին` մեղադրում կորպորատիվ շահեր ունենալու մեջ: Այժմ էլ ներկա ընտրարշավի ժամանակ Թրամփն իր այսօրվա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընին է մեղադրում Չինաստանի նկատմամբ մեղմ դիրքեր ունենալու համար: Թրամփի նախընտրական գովազդները Բայդընին դատապարտում են ֆինանսական շահեր ունենալու համար: Թրամփը հենվում է այն չհաստատված տեղեկությունների վրա, որոնց համաձայն Բայդընի որդին մեկ միլիարդ դոլարի համարժեք գործարք է կնքել Չինաստանի պետական մի ձեռնարկության հետ: Այս մասին  գրել է «Ամերիկայի ձայնը»։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Թրամփը մինչեւ կորոնավիրուսի համաճարակը, շարունակ հպարտանում էր իր կառավարման ընթացքում երկրում տնտեսական աճի համար: Սակայն համաճարակի արդյունքում այսօր միլիոնավոր ամերիկացիներ են զրկվել աշխատանքից ու լրացրել գործազուրկների թիվը: Եվ ամերիկացիներից շատերն են այսօր դեմ Թրամփին` համաճարակի ժամանակ ու դրանից առաջ առողջապահական համակարգում իրականացված, իրենց խոսքերով ասած «ոչ ճիշտ քայլերի կամ անգործության» պատճառով:

Թրամփն այսօր հայտարարում է, թե Չինաստանը պիտի պատասխանատվություն կրի կովիդ 19 հիվանդության վտանգի չափը կոծկելու եւ վիրուսի տարածման մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Սակայն ինչպես Թրամփի քննադատներն են ասում, նախագահի նման հայտարարությունները պարզապես համաճարակի հարցում ԱՄՆ-ի դանդաղկոտությունը կոծկելու փորձեր են, համաճարակ, որն այստեղ խլել է ավելի քան 46 հազար կյանք:

Ժողովրդի այդ հատվածին է միանում Բայդընն իր գովազդներով, որոնք մեղադրում են Թրամփին կորոնավիրուսի մասին հետախուզության նախնական զեկույցներն անտեսելու եւ հենց այդ ճգնաժամի օրերին Չինաստանի նախագահի հասցեին գովասանքի խոսքեր արտասանելու համար:

Եվ ստացվում է այնպես, որ երկու թեկնածուների միջեւ այժմ սկսվել է մի պայքար, տեսնելու համար, թե Պեկինին ով ավելի լավ ու սուր կերպով կդատապարտի: