Վրաստանը հուլիսի 1-ից բաց կլինի օտարերկրյա զբոսաշրջիկների համար. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

վրաստան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո երկիրը հուլիսի 1-ից կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը մանրակրկիտ աշխատանք տանի: Հաղորդում է РиаНовости-ն:

«Հունիսի 15-ից Վրաստանը բաց կլինի տեղական զբոսաշրջային ծառայություններ մատուցելու համար, իսկ արդեն հուլիսի 1-ից երկիրը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների։ Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն ու ենթակառուցվածքները՝ օտարերկրյա հյուրերին ընդունելու համար», - հայտարարել է վարչապետը:

Նրա փոխանցմամբ՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն, որպեսզի հասցնեն մեկ ամսում նախապատրաստվել դրան:

Նշենք, որ Վրաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 615: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 5 նոր դեպք: Աճել է առողջացածների թիվը: 615 վարակակիրներից 275-ն ապաքինվել է, արձանագրվել է 9 մահ: Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 3 քաղաքացի: