Ռուբեն Զարյան. Դիմանկարի փորձ 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դիմանկար
«Ռուբեն Զարյանի հոբելյանը մեծ տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանի բարձր մշակույթը և Շեքսպիրին»: 

Գրիգորի Կոզինցև

Ակադեմիկոս Զարյանի գործունեությունն ինքնին մանրամասն և բազմաճյուղ հատորների ուսումնասիրման կարիք ունի` այնպիսին, ինչպիսին որ էր իր աշխատասիրությունը՝ նվիրված հայ մեծերի կյանքին և հայրենական գրականագիտությանն ու թատրոնի պատմությանը, կերպարվեստին ու այլ ոլորտներին: 

Նա սեփական մտավոր և կենսական էներգիան ամբողջովին նվիրաբերեց հայ մշակույթի խտացմանը և զարգացմանը` զարյանական ոճով ստեղծելով մի ժառանգություն, որը վաղուց տեղ է գտել հայոց քաղաքակրթական ոսկե ֆոնդում: Տեսնելով անտեսանելին, վերծանելով նորովի ու յուրովի: Նոր չէ, որ հայ գրականություն ու հատկապես թատերագիտություն ուսումնասիրելը չի կարող լինել լիարժեք և պրոֆեսիոնալ՝ առանց Զարյանի ուսումնասիրությունները հաշվի առնելու, որպես հիմք ընդունելու: 

Առանձին մի երևույթ է ակադեմիկոսի շեքսպիրագիտությունը: Մինչ Ռուբեն Զարյանը՝ հանճարեղ անգլիացին, Հայաստանում ապրում էր ընթերցանության աստիճանում, Զարյանով Շեքսպիրը բարձրացավ գիտական մակարդակի: Եվ դա դարձավ միջազգային որակ ունեցող երևույթ: 

Ռուբեն Զարյանի գործունեությունը երեք շառավիղ ունի. Գիտությունների ակադեմիայում Արվեստի ինստիտուտի հիմնադրումը և կայացումը, Հայաստանում աշխարհի չորրորդ Շեքսպիրյան կենտրոնի ստեղծումը և գրականագիտական ու թատերագիտական ստեղծագործությունների գրքային, հոդվածային շարքը: Աշխատասիրություն, որն արված է ձևով խորը և բովանդակությամբ բարձր, որակով` համաշխարհային: Հսկայական նշանակություն ունեն պահոցային նյութերը: Արխիվում հանդիպում ես մեծերի միջանձնային հարաբերությունների և գնահատականների կարևորագույն դրսևորումներին: 

Ռուբեն Զարյանը, ում գործունեությունը ակնհայտորեն սկսվեց, երբ 27 տարեկանում նա փոխարինեց Չարենցին Հայպետհրատում, և իր գագաթին հասավ Խորհրդային միության առաջին թատերագետ-ակադեմիկոսի տիտղոսին արժանանալու ժամանակ, ամբողջովին նվիրյալության դանդաղ շտապող մի լուսակիր ընթացք էր, որի թողած հետքը մինչ օրս կա և կարող է լինել մշակույթի այդ արահետներով առաջանալու նպատակ ունեցողների համար կարևոր մի ճանապարհացույց: «Հուշապատում» - եռյակ և «Մայրամուտից Առաջ» - ի քառյակ հատորները երկու բևեռներ են, որոնք մոտենում են մեկմեկու` ծածկելով իրենց միջև ընկած էպոխան: Անհատը (Զարյանը) և իր հերոսները (ժամանակի մեծերը) սպիտակ թղթի անսահմանության մեջ անմահանում են` կերտելով ու գունազարդելով մշակութային պատմության այս մեծածավալ ու վերելքային հատվածը:

Իհարկե, Զարյանը կենսագիր է, խրոնոլոգ է և պատմիչ, սակայն այս ամենը որպես գիտական ստատիստիկա կմնար, եթե ծածկված չլիներ զարյանական թիկնոցով: Խոսքը բացառիկ մանրամասնությամբ հյուսված արքայական մի թիկնոցի մասին է` հարուստ ու ճոխ գույներով հագեցած, որն իր հովանու տակ է առնում բոլորին և ամեն ինչ ու տալիս է հոգեբանական դիպուկ նկարագրություն, մասնագիտական խորունկ քննադատություն, մարդկային նուրբ մոտեցում: Այսինքն, Զարյանն իր աշխատանքի մեջ և՛ հոգեբան է, և՛ դատավոր, և՛ քահանա, մեկ խոսքով՝ մարդաբան, որին հետաքրքրում էր Մարդը` հանճարեղ, տաղանդավոր, գեղեցիկ, ստեղծարար և արժեքային, ազնիվ, արդար ու ճշմարիտ: 

Ինստիտուցիոնալ է ակադեմիկոսի ժառանգությունը: Այն անցավորների նկատմամբ երախտապարտության շիտակ կոթող է, ժամանակակիցների համար` ապրեցնող իմաստ, սերունդներին` չժանգոտող ոսկի: 

Իր մարդ տեսակի մասին խոսելիս չպետք է շրջանցել տիկնոջը` ճարտարապետ Նելլի Խաչատրյանին: Նրանց համատեղ կյանքը համամարդկային արժեքների խտացում էր և հանուն մարդկանց ապրելու բնատուր դրսևորում: Մեզ համար այս զույգն անհասանելի է և կյանքի ընդհանուր քննության հարցում` անգերազանցելի: Թիֆլիսյան կոլորիտով ակադեմիական այս տունը եղել է հսկաների հավաքատեղի, սկսնակ տաղանդների դարբնոց, խորհրդատվության հասցե, կարիքավորների համար` ապաստարան, ծնողներից զրկվածների համար` օջախ, օգնություն հուսացողներին` տանիք, և առահասարակ բոլոր մարդկանց առջև բաց դուռ: Շնորհաշատ գրողի համար Ռուբեն Զարյանի և տիկին Նելլիի կյանքն ու տունը գրելու ոչ մեկ հատորի պաշար է: 

Եվ, ի վերջո, մենք գիտակցում ենք, որ մարդու կյանքը երկու բանից է բաղկացած` հիշողություն ու հույս: 

Համահայկական հիշողության մեջ Զարյանն իր անշարժ ու լուսավոր տեղում է, և հույս ունենք, որ նրա վաստակառատ նվիրումը կշարունակի օգտակար լինել հայ մշակույթին, անհատներին՝ իրենց գործում, և բոլոր արվեստասեր կյանքերին: 

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Ռուբեն Վարդանյան, պատմաբան, հրապարակախոս

--00--ԱԹ