Գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան խախտող Ադրբեջանի դեմ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Ղազանչեցոց1

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել պատերազմ սանձազերծած, Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը կոպտորեն խախտող Ադրբեջանի դեմ։ 

«Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում կրկին լրագրողներ են վիրավորվել՝ ռուսաստանյան «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը և «Офицеры России» կայքի ու «Красная звезда» թերթի թղթակից Լևոն Արզանովը։ Ինչպես և նախորդ օրերին, երբ դարձյալ վիրավորվել էին պատերազմը լուսաբանող լրագրողներ, այս անգամ ևս դեպքը տեղի է ունեցել խաղաղ բնակավայրում՝ Շուշի քաղաքում։ Լրագրողները նկարահանում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի կողմից առաջին հրթիռակոծման հետևանքները, երբ վրա է հասել երկրորդ նպատակաուղղված հարվածը, որից էլ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը ծանր վիրավորում են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Յուրի Կոտենոկի կյանքը, իսկ Լևոն Արզանովի վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Ավելորդ չէ նշել, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է այլ շինություններից մեծ հեռավորության վրա և հրթիռակոծվել է գերճշգրիտ զինատեսակից։ Ընդ որում՝ լրագրողները վիրավորվել են ուղիղ հեռարձակում իրականացնելու պահին: Այս փաստերը հերքում են ադրբեջանական կողմի պնդումները, որ խաղաղ քաղաքացիական օբյեկտները և լրագրողները հատուկ չեն թիրախավորվում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս․

·  վերահաստատում ենք միջազգային հանրությանն ուղղված մեր կոչը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում խաղաղ բնակչության, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունները,

·  պահանջում ենք գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը կոպտորեն խախտող Ադրբեջանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով այդ երկրի իշխանությունների մարդատյաց գործողությունների համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ