Մարտունիում և Հադրութում համառ մարտեր են ընթացել, սակայն հակառակորդը հաջողության չի հասել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

․

«Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մեջ մտցրեցին ու զրահատեխնիկայի կորուստ ունեցան և հետ շպրտվեցին: Մարտունիի ուղղությամբ կուտակումներ կային, և ես օրվա ընթացքում սպասում էի 2-րդ հարձակմանը, բայց կարծես չեղավ: Հնարավոր է, որ դա վաղը լինի, չգիտեմ, իրավիճակը շատ արագ զարգանում է»,- այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ միևնույն ժամանակ Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ մենք բնագծեր ունենք, որոնք միագիծ չեն, այնտեղ էլ ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում և կուտակումներ կան, անգամ հիմա:

«Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող է գիշերն էլ գնան, վաղն էլ շարունակվի: Բայց այնտեղ թշնամուն չի հաջողվել որևէ դիրք վերցնել, բայց երևում էր, որ այսօր շատ ավելի համառ էին գրոհում, թե՛ Մարտունիի ուղղությամբ, թե՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք, բայց հաջողության չհասան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, եթե այս տեղամասերից որևէ մեկում մենք կարողանանք ռեալ բեկում մտցնենք, ապա հնարավոր է, որ իրավիճակ փոխվի միանգամից:

«Մենք այնպիսի կորուստներ չենք կրում մարդկային, որ դա լինի ներուժը սպառող պատերազմ: Բարեբախտաբար պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել, որովհետև ավելի խելացի են կռվում, ավելի փորձառու ես կռվում, մեր տեխնիկական հնարավորությունները մի փոքր լավացել են և մենք կարողանում ենք չեզոքացնել շատ ավելի արդիական տեխնոլոգիաներ, որ թշնամին կիրառում էր իսկզբանե»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: 

--00--ԱՀ