ԱԺ-ն կդիմի ՍԴ-ին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով. ԲՀԿ-ում դա հաշվեհարդար են համարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ԱԺ խորհուրդն այսօր քննարկում է անցկացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նիստի ավարտին հայտարարեց՝ մասնակցում էին 14 պատգամավորներ, իշխանական 10 պատգամավորները կողմ են քվեարկել, ԲՀԿ 4 անդամները՝ դեմ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը ներկա չէր նիստին:

«Այն, ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէ, աբսուրդի վերջին գագաթն էր, որևէ հիմնավորում, որ ԳՀԾ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, չեղավ: Սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար է Գագիկ Ծառուկյանի հանդեպ»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց՝ որոշումը կուղարկվի ՍԴ, այնտեղ էլ կորոշեն՝ արդյոք այս «ներկայացված կատարյալ անհեթեթությունը» սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ:

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է` առանց որևէ վերապահման: 

«Այն հանգամանքները և  դրույթները, որ ներկայացվում էին, այնան անհեթեթ էին, որ չէին վերաբերում բուն գործընթացներին: Սա կողմնակալ որոշում է»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Միքայել Մելքումյանն էլ նշեց՝ վերցրել են կամայական մի դրվագ, որ իբր Գագիկ Ծառուկյանը մասնակցել է բաժնետերերի մի ժողովի, և այդ մասնակցությունը եղել է անհնարինության պայմաններում, ու բացահայտված չէ՝ որպես ինչ է մասնակցել:

«Տարրական գիտելիքների բացակայության պայմաններում, երբ ասում ենք՝ որն է ձեռնարկատիրական գործ, ու պատասխանը չկա, սա աբսուրդի թատրոն է»,- նշեց Մելքումյանը:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս