Պաշտոնանկությունները նոր Հայաստանում․ ինչքա՞ն են կառավարում բարձրաստիճան պաշտոնյաները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Նիկոլ պաշտոնից ազատում

Հետհեղափոխական Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելը կայուն գործ չէ։ Պաշտոնյաները նշանակվում են, մի քանի ամիս աշխատում, ապա՝ հրաժարականներ ներկայացնում կամ պաշտոնանկ լինում։ Որոշները լուռ են հեռանում, ոմանք՝ պատճառների մասին բարձրաձայնելով։ 

Վարչապետի որոշմամբ կատարվող նշանակումների և պաշտոնանկությունների դինամիկան Media.am-ը պարզել է տվյալների բազա հավաքելով։ Մենք e-gov.am կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնից առանձնացրել ու վերլուծել ենք 2018-ի մայիսից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ն ընկած  ժամանակահավածում վարչապետի կայացրած որոշումները։

Հարյուրավոր ազատված պաշտոնյաների 34%-ին Փաշինյանը չի նշանակել

2018 թվականի մայիսի 8-ից պաշտոնավարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է պաշտոնանկության 319 որոշում։ Սա չի նշանակում, որ նույն թվով մարդ է ազատվել։ Այս թիվը ներառում է.

  • նախորդ իշխանության ձևավորած աշխատակազմի փոփոխություն,
  • կադրային վերադասավորումներ,
  • աշխատանքից ազատումներ,
  • աշխատանքից ազատումներ՝ դիմումի համաձայն։

Պարզվում է՝ վարչապետին սա չի անհանգստացնում։  2020 թվականի մայիսի մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց․ – «Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում հեռանալը, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»: 

Անհանգստանալու կարիք ունեցող դեպքերում՝ ըստ անհրաժեշտության, հրավիրում ու լսում են հեռացողների տեսակետները։

Նման դեպքերից է Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանի 2020-ի մայիսի 14-ին ազատման դիմումը, որում բարձրաձայնվեցին որոշման պատճառները։ Սրան ոլորտը գլխավորող Արայիկ Հարությունյանը արձագանքեց ծաղրով։ Մինչդեռ նույն Հարությունյանի հետ աշխատանքի չստացվելու պատճառով մանդատը վայր դրեց «Իմ քայլ»-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ 

Նման բարձրաձայնումներով հրաժարականների մասին վերջում, մինչ այդ անցնենք մի քանի ոլորտով և տեսնենք թվային պատկեր։ Նաև հասկանանք, թե պաշտոնանկ եղածները ինչով են այժմ զբաղվում։

Վարչապետի աշխատակազմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած առաջին նշանակումը իր աշխատակազմի ղեկավարն էր․ Էդուարդ Աղաջանյանը պաշտոնավարում է 2018-ի մայիսի 10-ից։ Փոխարենը, վերջին երկուս ու կես տարում նշանակվել և ազատվել են վարչապետի խորհրդականներ, օգնականներ։ Տեղի են ունեցել կաբինետային այլ փոփոխություններ։

Նշանակվել է 3 մամուլի քարտուղար

Արման Եղոյանը դարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր։ Վլադիմիր Կարապետյանը, ըստ մամուլի հրապարակումների, հիմնադրել է երկու կայք՝ newarmenia.am և 365news.am, ունի նաև ռեստորանային բիզնես։

Նշանակվել է 12 օգնական, 5-ը շարունակում է պաշտոնավարել

Ավետիս Բերբերյանը, որը եղել է Սերժ Սարգսյանի նշանակած կադրը, ազատվել է Փաշինյանի վարչապետ դառնալուց կարճ ժամանակ հետո։

Արփի Դավոյանը և Արեն Մկրտչյանը դարձել են պատգամավոր։ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Հրաչյա Թաշչյանը դարձել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։

Մհեր Սահակյանն ազատվել է իր դիմումի համաձայն, այժմ Չինաստան-Եվրասիա խորհուրդ-հիմնադրամի ղեկավարն է։

Արտակ Գասպարյանը դարձել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, ապա՝ խորհրդական։ Հրաժարականի տեքստում նա հաջողություն է մաղթել Փաշինյանին ու թիմին։ Նշել է՝ հավատացել և հավատում է Փաշինյանին, սակայն, «այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, արդեն ամբողջովին կորցրել է իր ակտուալությունը»:

21 խորհրդականից 7*-ը շարունակում է պաշտոնավարել

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի «լիցենզիայից զրկելու»** քննարկումներից հետո Հակոբ Ճաղարյանը դադարեցրեց որպես խորհրդական պաշտոնավարումը։ Թեև ազատման որոշման մեջ նշված է «պաշտոնից ազատվել», սակայն Ճաղարյանը պնդեց՝ «հրաժարականի պահանջը» ինքն է ներկայացրել։ Պատճառը՝ «Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն» են:

Հեղափոխությունից հետո ոստիկանապետ նշանակված Վալերիյ Օսիպյանը պաշտոնանկության նույն օրը վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց։ Այս պաշտոնում մնաց քսան օր, բայց իր խոսքով՝ աշխատանքի չներկայացավ։ Մամուլում հրապարակումներ եղան, որ նա Ռուսաստանում քրեական հեղինակություն ունեցող անձի անվտանգության պետ է աշխատում։ Օսիպյանը պատերազմից հետո մասնակցում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ցույցերին։

Օսիպյանը պաշտոնից ազատվեց հեղափոխությունից հետո՝ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնակությունից/ հրաժարականից երկու օր անց։

Վարչապետի խորհրդականներից երկուսը երեք ամսից պակաս աշխատելուց հետո ազատվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Նրանցից Արսեն Խառատյանը ղեկավարում է վրաց-հայկական «Ալիք» մեդիան, իսկ Հայկակ Արշամյանը «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի տնօրենն է։

Մեկ օրում վարչապետը ազատել է երկու գլխավոր խորհրդական՝ Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։ Վերջինս նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա՝ 2008-2018-ին վարչապետի և նախագահի խորհրդական։

Վարչապետի խորհրդականներից Վահե Հովհաննիսյանը Հանրային ռադիոյում ուներ հեղինակային հաղորդում՝ «Արժեքների հեղափոխության»***։ Գրիգոր Մուրադյանը դարձել էր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդականը։ 

Երեքը՝ Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը, «Իմ քայլը» դաշինքով դարձել են պատգամավոր։ Մեսրոպ Պապիկյանը Երևանի ավագանու անդամ էր։ 

Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է։ Ֆելիքս Թադևոսյանի գործունեության մասին տեղեկություն չկա։

Այսպիսով, ստացվում է, որ վարչապետի աշխատակազմից յոթ հոգի պատգամավորական մանդատ է ստացել։ 

Փաշինյանը մեկ օրում ազատել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասներեք աշխատակցի։ Նրանցից միայն երեքն է շարունակել նույն գրասենյակում այլ պաշտոններում աշխատել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ