Զբոսաշրջության ոլորտի տրանսպորտային ընկերություններին փոխհատուցում կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

կառավարություն

ՀՀ Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը համալրել նաև տնտեսական գործունեության N77․11 դասակարգիչը (Մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ) հայտարարագրած տրանսպորտային ոլորտի ընկերություններով։

Փոփոխության արդյունքում միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսվարողները, միջոցառումից օգտվելու նպատակով, կարող են մինչև 2021 թ. մարտի 14-ը լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման նպատակն է աջակցել զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին։

Նշված տրանսպորտային ընկերություններին տրամադրվում է 2020 թ. ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42, N79 և N77.11 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսվարողները, որոնք՝

  • ստեղծվել են մինչև 2019 թ. հունվարի 1-ը.
  • կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել.
  • 2019 թ. իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝

 զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ (ՏԳՏԴ` N 79),
* կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ (ՏԳՏԴ` I 55),
* օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ.

  • ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019 թ. ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
  • ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թ. մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով.
  • ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թ. ապրիլ ամիսը։

Փոփոխության արդյունքում նոր շահառուների փոխհատուցումը ևս տրամադրվում է մինչև 2021 թ. մարտ ամիսը ներառյալ, միջոցառմամբ հաստատված նույն պայմաններով՝ այն տարբերությամբ, որ փոխհատուցման երկու փուլի փոխարեն նոր շահառուներին օժանդակությունը կտրամադրվի մեկ անգամով՝ միջոցառմամբ սահմանված աջակցության տրամադրման երկրորդ փուլի ընթացքում։