Մինչև Երևանը վերցնելը Ադրբեջանը գերիների հարցը տանելու-բերելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

թևան

Գերիների հարցն ինքն իրեն չի լուծվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Շատ հետաքրքիր ձևով սկսել են մանիպուլացնել գերիների հարցը՝ ասելով. «Այ, մի բան խոսենք, խնդիրը չի լուծվի»: Գերիների հարցը ինքն իրեն չի լուծվելու. կամ պիտի ձևավորենք գերիների այնպիսի պաշար, որոնցով ստիպված է լինելու Ադրբեջանը բոլորը բոլորի դեմ փոխանակել, կամ ձևավորենք համաշխարհային այնպիսի սանկցիոն դաշտ Ադրբեջանի դեմ, որ փորձի վերադարձնել, այլ պարագայում չի վերադարձնի: Ինչո՞ւ վերադարձնի: Ալիևը Զանգեզուրն է ուզում, ասում է՝ Երևանն էլ է իմը, մինչև Երևանը վերցնելը ինքը այս հարցերը տանելու-բերելու է»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց՝ այսօրվա դրությամբ չենք կարողացել մեր ճանապարհներն այնպես կարգավորել, որ ադրբեջանցիները հնարավորություն չունենային նոր գերիների պաշար ձևավորել, հակառակը՝ մենք պետք է դա կարողանայինք անել:

Քաղաքագետն անդրադարձավ նաև նոր պատերազմի վտանգի մասին Կառավարության հայտարարություններին:

«Արդյո՞ք կառավարությունը համարում է, որ պատերազմն ավարտվել է. իրենք չէին ասո՞ւմ՝ հրադադար է, դա նշանակում է՝ պատերազմը չի ավարտվել, պատերազմով մեզ վախեցնում եք, մանիպուլացնում եք, որ ի՞նչ»,- նշեց նա:

Պողոսյանի կարծիքով՝ հայացքը դեպի ապագա նետել հնարավոր կլինի միայն այն օրը, երբ գործող իշխանությունները հրաժարական տան:

--00--ԱԹ