Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ վերադարձվեն․ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է փաստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ագն

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողների գերեվարման  առնչությամբ։

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն»,-նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

--00—ԼՄ