Ո՞վ էր չագուճով ներկայանում և խոսք տալիս ջարդել մարդկանց գլուխները․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Քաղաքական

«Հայաստանում քաղաքական ճգնաժամը, չեմ կարծում, որ ավարտվել է, որովհետև կան մեծ թվով խնդիրներ, որոնք լուծումներ դեռևս չեն ստացել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց:

Աբրահամյանի համոզմամբ, անպատասխան մնացած կարևորագույն հարցերից մեկը 2020 թվականի ռազմական գործողություններն էին, պետության անպատրաստ լինելը և անփառունակ արդյունք ապահովելը: 

«Մեզ այս իրավիճակին հասցնելու համար պատասխանատուներին պատշաճ ձևով իրավական պատասխանատվության չենթարկելը անպատասխան մնացած հարց է: Ակնհայտ է նաև իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտող անձանց նկատմամբ տարբեր բռնաճնշումների գործադրումը, որն ընդգծվեց հատկապես նախընտրական փուլում և առարկայորեն դրսևորվեց հետընտրական ժամանակահատվածում, երբ Սյունիքի մարզի մեծ թվով համայնքապետեր ձերբակալվեցին և կալանավորվեցին: Ակնհայտ էր, որ կար քաղաքական ընդգծված բաղադրիչ»,-նշեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ են ընդդիմության հետ ատելության, բռնության վիրավորանքի խոսույթից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատել, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ երբ այդ հայտարարությունը դիտարկվում է որպես բարի կամքի դրսևորում և կոչ ընդդիմությանն, ապա տրամաբանություն չի տեսնում․

«Բռնության խոսույթով հանդես է գալիս միայն իշխանությունը և մեկ մարդ, որը Նիկոլ Փաշինյանն է: Ո՞վ էր չագուճով ներկայանում և խոսք տալիս ջարդել մարդկանց գլուխները, պառկեցնել ասֆալտին, հանել իրենց պաշտոններից և այլն: Ո՞վ էր ամենատարբեր կառույցներում՝ պետական և մասնավոր, ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ որս սկսել: Անլուրջ է դիտարկել մի բան, որն ընդդիմությանը չի վերաբերում և դրսևորվում է իշխանության կողմից»:

Հարցին, թե ինչպե՞ս եք Ազգային ժողովում աշխատանքը պատկերացնում իշխանության հետ, Աբրահամյանն ասաց, որ խորհրդարանը հարթակ է, որն արտաքին տարբեր ատյաններում հնարավորություն է տալիս առաջ մղելու երկրի պետական շահն՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչպես է իրեն դրսևորում. 

«Խորհրդարանը պայքարի ևս մեկ հարթակ է: Մենք հետպատերազմյան փուլում փողոցային պայքար ենք վարել և մեր հնարավորություններն օգտագործել ենք գլխավոր նպատակին հասնելու համար: Խորհրդարանական ատյանը մենք դիտարկում ենք որպես էֆեկտիվ պայքարի ևս մեկ միջոց: «Պատիվ ունեմ» դաշինքի համար առաջիկա ժամանակահատվածի գլխավոր բաղադրիչը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, զինված ուժերի բարեփոխումը, որն առաջիկայում ավելի հստակ կներկայացնենք»,-հավելեց Աբրահամյանը:

--00--ԿԿ

Տեսանյութեր