Եթե Թուրքիան որոշի օգնել Ուկրաինային Ղրիմը հետ գրավելու հարցում, կպատերազմենք. Սատանովսկի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

սատանովսկի

Թուրքիան իր սովորական քաղաքականությունն է վարում: Այս քաղաքականությունը կոչվում է պանթուրքիզմ, պանիսլամիզմ եւ նախկին ԽՍՀՄ տարածքում թուրքական ազդեցության տարածման փորձ, որտեղ կա/կար թյուրքական բնակչություն: Այս մասին օգոստոսի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

«Ղրիմը, որը ժամանակին Օսմանյան կայսրության մի մասն էր Թուրքիայի կողմից Ղրիմի խանության նվաճումից հետո, հենց այդպիսի տարածք է: Բնականաբար, Ղրիմը գտնվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կիզակետում», - նկատել է նա:

Սատանովսկին հիշեցրել է, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ղրիմի էթնիկ թաթար է:

«Իսկ կոնկրետ ինչի՞ է ուզում հասնել Թուրքիան՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններ անելով, չգիտեմ եւ չեմ ցանկանում իմանալ: Ընդհանուր առմամբ, նա փորձում է պատմական ռեւանշի հասնել Ռուսաստանի նկատմամբ, սակայն դա նրա խնդիրն է», - հավելել է արեւելագետը: Ինչ վերաբերում է մոտ ժամանակներս Անկարային ЗРК С-400-ի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագրի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությանը, ապա սա, ըստ Սատանովսկու, առանձին, զուգահեռ գործընթաց է:

«Եթե Թուրքիան որոշի զենքով օգնել Ուկրաինային, սա մեկ բան է, իսկ եթե Թուրքիան որոշի օգնել Ուկրաինային Ղրիմը հետ գրավելու հարցում, ապա մենք պատերազմելու ենք Թուրքիայի դեմ: Ի վերջո, նա բազմիցս պատերազմել է Ռուսաստանի հետ: Մենք նրանց հետ մեկ տասնյակից ավելի պատերազմներ ունենք: Ինչպե՞ս են դրանք ավարտվել Թուրքիայի համար: Վատ են ավարտվել», - եզրափակել է Եվգենի Սատանովսկին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, վերջերս ելույթ ունենալով «Ղրիմի պլատֆորմի» ֆորումում, հայտարարել է. «Ղրիմը Ուկրաինա է: Միջազգային հանրությունը պետք է հանդես գա միասնական ճակատով՝ հակազդելու միջազգային իրավունքի այս խախտմանը»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ղրիմի պլատֆորմը» ռուսաֆոբ ակցիա է անվանել:  

--00--ԱԹ