Վարդենիսում համայնքապետի ընտրությունը հետաձգվել է. ձայների վերահաշվարկի արդյունքները բողոքարկվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ավետյան

«Միասնական Վարդենիս» կուսակցությունը երկու օր առաջ բողոքարկել է ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկի արդյունքները, ինչի արդյունքում վաղը կայանալիք ավագանու նիստը հետաձգվել է: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել:

ՔՊ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները և վերահաշվարկի դիմում ներկայացրել: Վերահաշվարկի արդյունքում՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ձայները նվազել են 4-ով, ՔՊ-ինը ավելացել է 1-ով, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքից մեկ մանդատ պակասել էր:

Հակոբ Ավետյանը կայքի հետ զրույցում հայտնեց, որ «Միասնական Վարդենիս» բողոքարկել է վերահաշվարկի արդյունքները Վարչական դատարանում, իսկ Վարդենիսի ավագանու նիստը, որը պետք է վաղը կայանար, հետաձգվել է մինչև դատական վճռի հրապարակումը.

«Վարչական դատարանը պետք է որոշում կայացնի, քանի որ մանդատների խնդիր կար, վերահաշվարկի դիմում էր ներկայացրել ՔՊ-ն, որից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքից մեկ մանդատ պակասել էր, մինչև Վարչական դատարանի կողմից որոշման հրապարակվելը ավագանու նիստ չի լինի»,-ասաց Ավետյանը և հայտնեց, որ դատարանն իր որոշումը կհրապարակվի հավանաբար վաղը կամ երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվեց:

Հակոբ Ավետյանի գնահատմամբ՝ իշխանության կողմից ընդդիմության վրա ճնշում գործադրելու հերթական փորձն է.

«Իր կալանավորումը համարում ենք անհիմն, որտեղ ընդդիմությունը հաղթում է, թեկնածուն կալանավորվում է»,-ասաց Ավետյանը:

--00--ԱԹ