Ադրբեջանցիները չեն կարողացել առաջխաղացում գրանցել, մերոնք համարժեք պատասխանել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակական

Հայ-ադրբեջանական սահմանագծի Գեղարքունի հատվածում ուրբաթ օրը տեղի ունեցած մարտական գործողությունները դադարել են, այս պահի դրությամբ կրակոցների ձայներ չեն լսվում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց  Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այս պահի դրությամբ կարծես թե դադարել են, կրակոցներ չենք լսում», - նշեց նա՝ հավելելով, որ իր ղեկավարած համայնքը կրակոցների պատճառով չի տուժել։ ««Մյուս տեղերի մասով չեմ կարող ասել», - նշեց նա՝ նշելով, որ տեղյակ չէ՝ ռուսակա՞ն կողմի միջնորդությամբ է դադարել կրակը։
Ավետյանը նաև մեզ փոխանցեց, որ ադրբեջանական սադրանքները միայն Գեղամասարի ուղղությամբ չէ, որ տեղի են ունեցել։ «Սյունիքում, Սոթքում, Շորժայի հատվածում էլ է լարված եղել», - տեղեկացրեց նա։ 

Ավետյանը դժվարացավ նշել, թե որքան կպահպանվի հարաբերական կայունացված վիճակը։ «Աստված անի, էլի չարունակվի, բայց այս պահին կարող է քիչ ժամանակով պահպանվել հանգստությունը, որովհետև ավելի մեծ մասշտաբի էին ադրբեջանցիները սկսել։ Մեր տղաներն էլ համարժեք պատասխանը տալիս են, ադրբեջանցիների առաջխաղացումը չի հաջողվել, երևի հենց դրա պատճառով էլ կարող են իրենք դադար տված լինել», - եզրափակեց Գեղամասարի համայնքապետը։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ «Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր»։ 

Հաջորդած հաղորդագրության մեջ ՊՆ-ն նշել է, որ կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ «Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։ Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված էր ՊՆ հայտարարության մեջ։

--00--ԿԿ