Ադրբեջանական կողմը Նախիջևանիկի ուղղությամբ կրակել է նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Նախիջևանիկում կրակոցներ եղել են նախկինում, բայց ոչ թիրախավորված, այդ օրն առաջին անգամ դիմացի դիրքից կրակեցին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ, ASB group ՓԲԸ-ի Նախիջևանիկի թևի տեղամասի պետ Ռադիկ Հայրապետյանն՝ ադրադառնալով երեկ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նռան այգու ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին։

«Մոտավորապես 50-60 կրակոց է եղել, կոնկրետ թիրախավորել էին տեխնիկան, երևի մեզ էլ, չգիտեմ։ Այգում աշխատում էին տրակտորիստը, իմ 2 բանվորներն ու ես։ Այդ պահին նռան նոր դրած տնկիներն էինք ջրառում։ Տարածքում մի տրակտոր է եղել ու իմ անձնական «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Միայն տրակտորն է վնասվել՝ դիմապակին, դռները, մեծ անիվը, դիմացի անիվը։ Ամենօրյա մեր գործն էինք անում, օրվա վերջ էր, տարածքում աշխատում էինք, տրակտորով ջրառ էինք կատարում։ Մենք տարբեր տեղեր այգիներ ունենք՝ խաղողի, տարբեր տեսակի ծառների», - ասաց Հայրապետյանը։

Տեղամասի պետն ասաց, որ այնտեղ աշխատող մարդիկ որևէ վնասվածք չեն ստացել։ «Տրակտորի հետևը թաքնվել էինք, փախնելու տեղ չկար, այնտեղ լրիվ բաց տարածք է։ Միակ փրկությունը դա էր, սպասեցինք այնքան, որ խաղաղապահները եկան, 1,5 ժամ պառկած մնացինք։ Նույնիսկ խաղաղապահների հրամատարի ներկայությամբ կրակեցին․ խաղաղապահներն իրենց դրոշով եկան,  հենց այդ պահին կրակեցին։ Խաղաղապահները որ առաջ եկան, ես արդեն պառկածս տեղից ելա, միասին շարժվում էինք դեպի տրակտորը՝ «Նիվա»-ով էի, հենց այդ պահին երեք անգամ կրակեցին։ Նույնսիկ ռուս խաղաղապահը զեկուցեց, որ «իմ ներկայության ժամանակ կրակեցին»։ Կրակոցները մոտ 20-30 րոպե տևեցին, մենահատ կրակոց է սկզբում եղել, հետո 3-4 հատով ավտոմատ կրակոցներ, մոտավորապես 16։30-17։00-ի մոտերն են սկսել կրակոցները», - նշեց նա։

Ռադիկ Հայրապետյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կկարողանան աշխատանքները շարունակել։ «Հույս էլ չունենք, տեսնենք՝ ինչպես կլինի։ Հարցն այն է, որ նույնիսկ եթե աշխատողս գա, ես ի՞նչ գարանտիա տամ «գնդակի բերան», դեպքը մի անգամ է լինում», - եզրափակեց նա։

--00--ԿԿ