Կառավարությունը նպատակ ունի մինչև 2023 թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Thumbnail

ՀՀ կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այդ մասին ասվում է կառավարության՝ 2019 թվականի ծրագրում:

Ըստ գործադիրի՝ նպատակները կյանքի կոչելու համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակները, իրականացվելու է նաև նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում:

«Քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը բարելավելու, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացնելու կառավարության քաղաքականությունը հիմնված է լինելու հավասար հնարավորությունների և աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։ Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը»,- նշվում է ծրագրում:

2017 թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը 25,7 % էր, որից 15,1 %-ն աղքատ են, 9,2 %-ը՝ շատ աղքատ, 1,4 %-ը ծայրահեղ աղքատ: Երկրի բնակչության ամեն չորրորդն ամսական 41 612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Շատ աղքատ են համարվում նրանք, ում ամսական եկամուտը չի գերազանցում 34 253 դրամը, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 24 269 դրամից:

Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատել:

«Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը»,- ասված է ծրագրում:

Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։

Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է գույքագրել 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցողներին: