Սպանության փորձ՝ Ամիրյան փողոցում. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

l-E8PhQWsl8l.jpg

Ապրիլի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց: Ժամը 15.00-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը:

Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ՀԶ