Էդվարդ Նալբանդյանի «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ռենտգեն» գիրքը ներկայացվել է Մոսկվայի ՄԳԻՄՕ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

nalbandyan_640x421.jpg

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար (2008-2018թթ.) Էդվարդ Նալբանդյանի «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ռենտգեն» հոդվածների, ելույթների ու հարցազրույցների ժողովածուն: Գրում է 168.am-ը։

ՄԳԻՄՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ընթերցողին առաջարկվում է 2008-2018 թվականներին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածների, ելույթների և հարցազրույցների ժողովածուն՝  նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ծագմանը, զարգացմանն ու լուծման հեռանկարներին: Մանրամասն նկարագրված են 2008 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանի հետևողական և նպատակադրված  ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հատկապես նշվում է կայացած, արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ որպես միակ ձևաչափ, որը միջազգային հանրության կողմից օժտված է հակամարտության կարգավորմանը միջնորդելու մանդատով։

Գրքի հատուկ հավելվածում առաջին անգամ համախմբված տեսքով հրապարակվում են 2008-2018 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, արտգործնախարարների և միջնորդ դեսպանների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:

Առաջարկվող գիրքը, ըստ հաղորդագրության, անվիճելի հետաքրքրություն է ներկայացնում դիվանագետների, քաղաքագետների, միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող մասնագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար։

--00--ՀԶ