COVID-պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել 2021 թվականին. The Lancet

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

քովիդ

Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է կենսաբանության եւ բժշկության բնագավառի ամենահեղինակավոր գիտական հրատարակություններից մեկում՝ The Lancet բրիտանական հանդեսում, աշխարհի բնակչության պատվաստումը գրեթե 20 միլիոն մահ է կանխել COVID-ից՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մաթեմատիկական մոդելավորման հիման վրա հետազոտողներն այն եզրակացություն են արել, որ պատվաստանյութերը մահերի հնարավոր թիվն ամբողջ աշխարհում կրկնակի կրճատում են: Փորձագետների գնահատումներով՝ կորոնավիրուսով ախտահարման հետեւանքով աշխարհում կմահանար 31,4 միլիոն մարդ: Փաստաթղթում խոսվում է «այն զգալի ազդեցության մասին, որը ցուցաբերել են պատվաստանյութերը. միլիոնավոր կյանքեր, հավանաբար, փրկվել են պատվաստման առաջին տարվա ընթացքում»:

«Ապագայում անհրաժեշտ է ավելի արագորեն տարածել պատվաստանյութերի ինտելեկտուալ սեփականությունը, տեխնոլոգիաների եւ գիտելիքների ավելի բացահայտ փոխանցմամբ, որոնք կապված են պատվաստանյութերի արտադրության եւ բաշխման հետ»,-գրում է հանդեսը: Փորձագետներն այն կարծիքին են, որ «անհրաժեշտ է նաեւ ընդլայնել տարածման ենթակառուցվածքն ու պատվաստանյութերի առաքումներն ամբողջ աշխարհում եւ պայքարել ապատեղեկատվության դեմ՝ դրանց պահանջարկը բարձրացնելու համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00—ԻԴ

Տեսանյութեր