Մահապատժի վերականգնումը ՀՀ-ում հնարավոր չէ, Դավթյանը գնալուց առաջ ուշադրություն է հրավիրում իր վրա

  ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News   

իր

Նախ, Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, որը բացառում է մահապատժի առկայությունն այս երկրում, ուստի, դատախազի կամքից կախված երեւույթ չէ դա։ Այս մասին 24News-ին ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մահապատիժը վերականգնելու առաջարկությանը։

Սեպտեմբերի 1-ին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և առաջարկել` սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ ամրագրելու հարցը: Այլ կերպ ասած՝ Դավթյանն առաջարկել է վերականգնել մահապատիժը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ Արթուր Դավթյանն այսպիսի առաջարկներով հանդես գալու իրավունք չունի։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է, «որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն»։

Զարուհի Հովհաննիսյանը հակադարձեց՝ նշելով, որ միջազգային պարտավորությունը Եվրոպայի խորհրդի անդամակցությունն է, որի շրջանակներում Հայաստանը մահապատիժն ընդհանրապես չի ընդունում որպես պատժի տեսակ։ 

Իրավապաշտպանն ասաց, որ անձամբ ընդհանրապես պատժողական քաղաքականությանն է դեմ. «Մարդկանց պետք է կրթել, զարգացնել, որ չպատկերացնեն հանցագործությունն ինչպես կատարել, ուր մնաց՝ մահապատժի ենթարկել։ Ինձ համար ցմահ դատավճիռն էլ է անընդունելի, բայց ինձանով չի չափվում։ Չափվում է այն պարտավորություններով, որոնք Հայաստանը ստանձնել է՝ միջազգային իրավունքով։

Ըստ նրա՝ իհարկե, մահապատժի վերականգնումը Հայաստանում հնարավոր չէ։ «Անիմաստ քննարկումներ են, Արթուր Դավթյանն էլ որոշել է գնալուց առաջ իր վրա ուշադրություն հրավիրել, մի աննորմալ բան է ասել ընդամենը։ Դա անհնարին բան է», - եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ