Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի, ինչը կստեղծի լրջագույն վտանգներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արթուր Ղազինյան

Կարծես դեժավյու լինի. տպավորություն է, թե մենք մեկ անգամ արդեն անցել ենք այս ամենի միջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«2013թ. սեպտեմբերին Հայաստանն ապրում էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման սպասումով, քանի որ ԵՄ-ը խոստացել էր դոնորների կոնֆերանսի միջոցով Հայաստանին հատկացնել 4 միլիարդ եվրո:

Մինչ այդ Հայաստան էին այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան-Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզզոն, դե իսկ Ֆյուլեն ու Լայչակը Հայաստանից տեղ չէին գնում:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա, որտեղ հայտարարվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչով և ավարտվեց «եվրոապագայի» հայկական երազանքը, իսկ ինչպես հետո պարզվեց, չեղարկվեց Հայաստանի «ուկրաինացման» սցենարը:

Հիմա մենք նորից տարված ենք բրյուսելյան հովերով, Հայաստան են գալիս արևմտյան երկրների պատվիրակություններ, մեզ տալիս են լիքը-լիքը լավ խոստումներ, մեծ փողեր, ներդրումներ տնտեսության մեջ: Մի խոսքով, մեկին մեկ նույն վիճակը, ինչ 2013թ-ին:

Թերևս միակ տարբերությունը 44-օրյա դավադիր պատերազմն էր, Արցախի մեծ մասի օկուպացիան, ՀՀ տարածքի զավթումը ադրբեջանի կողմից և այդ ամենին Ռուսաստանի խիստ տարօրինակ և ռազմավարական գործընկերությանը ոչ բնորոշ վարքագիծը:

Վիրավորված ու հիասթափված լինելով Ռուսաստանի իշխանություններից և նրանց «վրեժխնդիր» լինելու նպատակով Հայաստանն այսօր պատրաստ է ընդհուպ մինչև ստորագրել ԵՄ առաջարկած պայմանագիրը, այսինքն՝ փաստացի հրաժարվել Արցախից, ինչն իր մեջ պարունակում է լրջագույն մարտահրավերներ և սպառնալիքներ:

2013թ-ին ՀՀ իշխանության ընդունած որոշումը շատ քննադատվեց, նաև իմ կողմից, բայց հետագա աշխարհաքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ այդ որոշումը ճիշտ էր, բխում էր ՀՀ անվտանգային և տնտեսական շահերից և ինչի շնորհիվ Հայաստանը կարողացավ խուսափել Ուկրաինայի սցենարից, ինչը մեր դեպքում կարող էր հանգեցնել Թուրքիայի կողմից գաղութացման, իսկ որ ավելի իրատեսական է՝ Իրան - Թուրքիա պատերազմի մարտադաշտի:

Այսօր մենք գրեթե նույն վիճակում ենք. պետք է ընտրել երեք տարբերակներից մեկը. ստորագրել Բրյուսելի առաջարկած խաղաղության պայմանագիրը, Մոսկվայի առաջարկած պայմանագիրը, կամ չստորագրել որևէ փաստաթուղթ, ինչը պահանջում է գլխավոր բանակցողի փոփոխություն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:

Եթե իմ կարծիքը հարցնեք, ապա ես կոնկրետ կընտրեմ երրորդ տարբերակը, քանի որ մյուս երկուսը չեն բխում ՀՀ շահերից: Իսկ եթե դա չհաջողվի, ապա ինձ համար առավել նախընտրելի է Մոսկվայի առաջարկը, քանի որ երրորդ տարբերակը ՀՀ գաղութացնումն է Թուրքիայի կողմից:

Հ.Գ. Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի, ինչը մեր տարածաշրջանում կստեղծի նոր իրավիճակ՝ Հայաստանի համար բացված նոր հնարավորություններով և լրջագույն վտանգներով . . .»,- գրել է Ղազինյանը։

--00--ԱՀ