ՀՀ ԱԳ փոխնախարարը և ֆրանսիացի պատգամավորները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

16669633018646.jpeg

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Ողջունելով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ համերաշխության, ինչպես նաև նրանց հայանպաստ շարունակական ու ակտիվ գործունեության համար։

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ֆրանսիացի պատգամավորների հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում նրանց ունեցած ներդրումը։

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ տնտեսական, խորհրդարանական ու ապակենտրոնացված համագործակցության շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականներն ու սկզբունքային դիրքորոշումը:

--00—ԶՀ