Շրջափակված Մեծ Շենում ռուս խաղաղապահների միջոցով Գորիսից բերվում է այն ամենը, ինչի կարիք կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում դեռևս հնարավոր է լինում լուծել Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած խնդիրները։ Այս մասին 24News-ին ասաց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։

«Կարողանում ենք ռուսների [Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների] հետ պայմանավորվել, անցնել անցակետերը, Գորիսից բերել անհրաժեշտը։ Երեկ Գորիսի հիվանդանոցից առաջին անհրաժեշտության դեղորայք են ուղարկել գյուղ», - ասաց Դավթյանը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Լաչինի միջանցքը փակվելու հետևանքով երկկողմանի շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի՝ արցախյան վերահսկողության ներքո Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերը։

Բացի այդ, ադրբեջանական կողմը գազի մատակարարումից զրկել է Արցախի մեծ մասը, միայն Լիսագորը զրկված չէ գազամատակարարումից։ Մեծ Շենի ղեկավար Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղում փայտով, գազի բալոններով, էլեկտրական ջեռոցներով է ջեռուցումն ապահովվում, դպրոցը դեռևս գործում է։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ