Ռուսական կողմը հայտնել է Տոկմակում կասետային զինամթերքի հարվածից խաղաղ բնակչի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

զենք

Ռուսական կողմը հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերք են կիրառել, որի հետևանքով 1 կին է զոհվել, 1 տղամարդ՝ վիրավորվել։ Հարվածը հասցվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին։

Նա նշել է, որ 3 հրթիռ է արձակվել քաղաքի մասնավոր հատվածի վրա։

«Հրթիռակոծության հետևանքով մասնավոր բնակելի տնային տնտեսությունում հրդեհ է բռնկվել, մեկ կին մահացել է։ Տեղի ևս մեկ բնակիչ վիրավորվել է, նա գտնվում է հիվանդանոցում, նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում», - գրել է Բալիցկին։

Նրա խոսքով՝ երկրորդ հրթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Երրորդ արկը չի պայթել. սակրավորների խմբերը սկսել են դրա ոչնչացումը կառավարվող պայթեցման միջոցով։

Ըստ նահանգապետի պաշտոնակատարի՝ վնասվել է նաև գազատարը, իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ուկրաինայի կողմից այս առնչությամբ մեկնաբանություն առայժմ չկա։

Սպիտակ տունը հուլիսի սկզբին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու «դժվարին որոշում» է կայացրել։ Հուլիսի 13-ին ուկրաինացի գեներալ Ալեքսանդր Տառնավսկին հայտարարել էր, որ Կիևն արդեն ստացել է կասետային զինամթերք։

Ավելի քան 120 երկիր միացել է 2008 թ․-ին Օսլոյում ստորագրված կասետային զինամթերքի մասին կոնվենցիային, որն արգելում է կասետային ռումբերի օգտագործումը, մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և վաճառքը։ ԱՄՆ-ն այս կոնվենցիայի մասնակից երկիր չէ։

Այս զինամթերքը սովորաբար արձակում է մեծ թվով փոքր ռումբեր կամ մետաղի կտորներ, որոնք կարող են զգալի վնաս հասցնել մեծ տարածքում՝ սպառնալով խաղաղ բնակչությանը: Այս ռումբերի չպայթած մասերը վտանգ են ներկայացնում նաև հակամարտության ավարտից հետո:

--00—ԼՀ