Անցնող տարին հայ ժողովրդի համար գոյաբանական մարտահրավերներով լի տարի էր. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

san

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

«Անցնող տարին հայ ժողովրդի համար գոյաբանական մարտահրավերներով լի տարի էր, որին հայկական պետականությունը իր ուժերի, ռեսուրսների գերլարմամբ տոկուն դիմադրողականության ոգի ցուցաբերեց:

Այս տարի Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքային մեր ամենօրյա առանց այդ էլ բարդ աշխատանքին գումարվեց սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների ժամանակավոր կացարաններով և սննդով ապահովելու գործընթացը:

Տարեմուտի շեմին կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցներին ուղղված կարճաժամկետ միջոցառումներին 2024 և հաջորդող տարիներին փոխարինելու են գալու երկարաժամկետ և համակարգային լուծումներով միջոցառումներ:

Այս աշխատանքներին զուգահեռ՝ անցնող տարում, ՀՀ ՏԿԵ նախարարությունը տոկուն կամքով և հետևողականորեն իրականացնում էր Կառավարության միջոցառումների ծրագրով իրեն վերապահված ծրագրերի իրականացումն ու թիրախային ցուցանիշների ապահովումը:
Արդյունքում մեզ հաջողվել է ապահովել 98 տոկոս կատարողական:

Այս ցուցանիշը ՏԿԵ նախարարությանը, մեր թիմին  մոտիվացնում է և 2024 թվականին մղում նոր նշաձողերի սահմանման ու հաղթահարման:

Լիահույս եմ, որ եկող տարին մեր երկրի և ժողովրդի համար խաղաղության, կայուն գոյակցության, զարգացման և նորանոր նվաճումների տարի կլինի:

Սեր և ընտանեկան ջերմություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին:

Շնորհավոր նոր տարի»,- ասվում է ուղերձում:

--00--ԼՀ