Վիզաների ազատականացումը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ քննարկումների առանցքային թեմա է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

դ.j

Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը մի շարք ոլորտներում  Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությունը զարգացնելու ներուժ է տեսնում՝ շեշտելով, որ դրան կնպաստի նաև Երևանում Բելգիայի՝ վերջերս բացված դեսպանատան աշխատանքը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ներուժ է տեսնում հատկապես տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Նա փոխգործակցության լուրջ պոտենցիալ է տեսնում նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, էներգետիկայի ոլորտներում։

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-Բելգիա հարաբերություններին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման հնարավորություններին, Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ԵՄ-ում նախագահության ընթացքում Բելգիայի առաջնահերթություններին և այլ հարցերի։

-Պարոն դեսպան, արդեն գրեթե վեց ամիս է`դիվանագիտական առաքելությամբ Հայաստանում եք:  Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի մասին։

-Երեւան ժամանեցի յուրահատուկ համատեքստում։ Որպես Հայաստանում Բելգիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնի ստանձնումը համընկավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության եւ դրան հաջորդած բնակչության զանգվածային արտագաղթի հետ։ Այս իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան իմ պաշտոնավարման սկզբնական շրջանում: Այս իրադարձություններից դուրս պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ տպավորված եմ կապերի հաստատման դյուրինությամբ թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ իշխանությունների հետ։ Բացի հայկական հյուրընկալությունից, դա բացատրվում է նրանով, որ մեր երկրները հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն։

-Ինչո՞ւ էր Բելգիայի համար կարեւոր հենց հիմա Հայաստանում դեսպանություն բացելը։

-Ձեր հարցն ակնհայտորեն եւ լիովին տեղին է: Այո, հարց կարող է առաջանալ՝ Բելգիան Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունի ավելի քան 30 տարի, ինչո՞ւ իմ երկրի իշխանությունները հենց այս պահին որոշեցին դեսպանություն բացել։ Դա մի քանի պատճառ ունի: Նախ, աշխարհաքաղաքական համատեքստը խորապես փոխվել է, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը: Աշխարհաքաղաքական այս նոր մարտահրավերները Եվրոպային մոտ գտնվող որոշ տարածաշրջաններում ապակայունացման վտանգ են ներկայացնում: Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունները շատ առանձնահատուկ նշանակություն են ստանում։ Եվրամիությունը, ինչպես գիտեք, աշխատում է Հարավային Կովկասում ավելի մեծ կայունության եւ բարգավաճման ուղղությամբ: Բացելով մեր դեսպանատունը՝ ցանկացանք մեր աջակցությունը ցուցաբերել եւ նպաստել այս ջանքերին, եւ սա այն ուղերձն է, որով կիսվել է արտաքին գործերի նախարար տիկին Հաջա Լահբիբը, երբ անցյալ ամառվա վերջին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Դեսպանատան բացումը նաեւ հնարավորություն է զարգացնելու մեր երկկողմ կապերը, մասնավորապես տնտեսական, բայց նաեւ մշակույթի ոլորտում։ Վերջապես, ինչպե՞ս չհիշենք, որ իմ երկրում ապրում է 30-40 հազար հայ, ինչը նպաստում է Հայաստանի եւ Բելգիայի միջեւ սերտ կապերին, որոնք, հուսով եմ, ավելի կամրապնդվեն դեսպանատան բացմամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ