Սեպտեմբերի 18-ին վերաբացվեց Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը՝ Վեհարանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

վեհարան

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվում է Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը՝ Վեհարանը: Մեկ դար առաջ կառուցված հայրապետանիստը` գործարար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, կատարյալ տեսքի է բերվել: Վեհարանը հիմնանորոգվում եւ բարեզարդվում էր դեռեւս 2010թ.-ից:

Վերաբացման առիթով առաջին այցելուները լրագրողներն էին, որոնք Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի եւ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ սրահ առ սրահ ծանոթացան վերանորոգված հայրապետանիստի նոր պայմաններին: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, ասաց. «Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայրն է համայն ժողովրդի, սրբություն սրբոցն է հայոց ազգի: Դարերի ընթացքին մշտապես մեր ժողովրդի նվիրումով, սիրով, հավատքով վերակառուցվել, բարեզարդվել, շենացել, պայծառացել եւ գեղեցկացել է Ս. Էջմիածինը: Շնորհակալության խոսք մեր մեծ բարերարին` իր ազնիվ հանձնառության համար»:

Վեհափառ հայրապետը նաեւ նշեց, որ եկեղեցական կյանքն ամբողջապես արդյունավետ կազմակերպելու համար դեռ շատ աշխատանքներ ունեն կատարելու, ինչպես նաեւ վերակառուցելու, վերաշինելու այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք խոնարհված վիճակում են: «Դրանք նորոգման կարիք ունեն, որպեսզի իրենց առաքելությունը լիարժեքորեն կարողանան իրականացնել մեր ժողովրդի կյանքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց կաթողիկոսը:

«Երրորդ շունչը ստացավ վեհարանը` շնորհիվ Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի: Այդ շունչը կարող եք զգալ բոլոր սրահներում: Աղոթքներով եւ այս ամենի բարվոք պահպանությամբ մեր երախտապարտությունը պիտի հայտնենք բարերարին»,-ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով` Հայոց հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարիներից մտահոգված է եղել վեհարանի նորոգման խնդրով. «Նա առաջին հերթին Մայր Աթոռի միաբանների կենցաղային պայմանները բարելավեց եւ կառուցեց միաբանական հսկա շենքը, հետո նաեւ բարելավեց Մայր Աթոռի աշխատակիցների կենցաղային եւ աշխատանքային պայմանները: Եվ այդ «երկունքի» մեջ նրան աջակցության ձեռք մեկնեց բարերար Սամվել Կարապետյանը: Նախ իրականացվեց վեհարանի վերանորոգումը, ապա հիմքից կառուցվեց հանդիսությունների սրահն ու Սրբոց Հայրապետաց մատուռը»,-տեղեկացրեց Հայր Ասողիկը:

 Հանդիսությունների սրահի մասնաշենքի եւ Սրբոց Հայրապետաց մատուռի ճարտարապետն է ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը, իսկ վեհարանի հիմնանորոգման ճարտարապետը` Աշոտ Արշակյանը:

Հանդիսությունների սրահի աջ եւ ձախ կողմերում փորագրվել են ազգային եկեղեցական պատմության առանցքային երկու իրադարձության խորհրդապատկերները` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Ս. Էջմիածնի կառուցումը եւ 1441թ. Ամենայն հայոց հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատումը: