Ախպոր ախպերներն էլ չեն օգնի. Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

.

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը կարծես կամաց-կամաց վերադառնում է իրականություն։ Օրերս Արագածոտնի մարզում ընթացող ներդրումային բիզնես համաժողովում նա հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիր եւ իշխանամետ գործարարների բաժանում չկա, ապա հավելեց. «Գործարարների շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք մեր դաշնակիցը»։ Նախ` այս հայտարարությունից հետո անմիջապես հարց է առաջանում՝ միայն գործարարների՞ շրջանում թշնամիներ չկան, թե՞ հանրության տարբեր շերտերի, իշխանական տեսակետից տարբերվող մարդկանց միջեւ եւս։ Բայց սա քննարկման այլ թեմա է, հիմա բուն խնդրի մասին։

Այս հայտարարությունն անում է մի մարդ, որն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր. «Մինչեւ հիմա ներդրում ասելով ի՞նչ է հասկացել Ազգային ժողովը։ Սովորաբար կառավարությունում եւ Ազգային ժողովում հավաքվել են լավ տղերքը եւ երբ որ ներդրում են ասել, ասել են՝ «Հիմա մենք ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք, եւ մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, եւ կան լավ ախպոր ախպերներ, կան ախպոր ախպոր ախպերներ, հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի, ո՞նց ենք մենք ներդրում բերում։ Դե ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, մեր ախպոր ախպերներն՝ իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան լինի»։ Եկեք, նայեք մեր երկրի ներդրումների պատմությունը, ինչի պատահական մարդ մեր երկրում ներդրում ա արե՞լ՝ կամ եղել ա ախպեր, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր, դրա համար էսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր, կամ ախպոր ախպոր ախպեր։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը»։

Ի՞նչ եղավ, որ այսպես միանգամից փոխվեց Նիկոլ Փաշինյանի կարծիքը ներդրողների հարցում։ Նա էլ չունի՞ կախարդական փայտիկ, որով տնտեսությունը թռիչքաձեւ կզարգացնի, իսկ ճամպրուկով փող բերող ներդրողները Հայաստանի «դռանը» հերթ կկանգնեն։ Արտասահմանյան այցերի ժամանակ «հարստացեք ու հարստացրեք» կոչին արդեն անհաղո՞րդ են։ Ի՞նչ կատարվեց։ Իսկ ո՞վ էր անընդհատ վստահեցնում, որ կոռուպցիա, փայ մտնել չկա, ու ինչու՞ այդ ամենը չաշխատեց, ինչու՞ ներդրողները վազելով չեն գալիս Հայաստան, չէ՞ որ ՀՀԿ-ն էլ խորհրդարանում չէ, որ խանգարի նրանց։

Հիմա «ախպոր ախպոր ախպերները» թշնամի չե՞ն, իսկ Հայաստանի ամբողջ տնտեսությունը ախպեր կամ ախպոր ախպեր չէ՞, չե՞նք հրաժարվում այս համակարգից, էլ մի բան անելով մի բան չի՞ լինում։ Եթե այդ ախպերներն էլ ներդրում չարեցին, ո՞վ եկավ Հայաստան ու ներդրում բերեց այս 1,5 տարում։ Իրականում Փաշինյանը հասկացավ, որ ոչ մի հայտարարությամբ, խոստումով, հեղափոխության անընդհատ գովերգմամբ գեթ մեկ գործարարի սիրտը չի կարող շահել՝ նրան ստիպելով մի երկրում գումարներ ներդնել, որտեղ շատ անորոշություններ կան՝ քաղաքական իրավիճակից, դատաիրավական անհասկանալի խնդիրներից սկսած, մինչեւ չավարտված պատերազմ ունեցող երկրի կարգավիճակ։ Եվ այսպիսի երկրում, այո, միայն համոզելով, գուցե նաեւ ախպերների ախպերներով կարող ես քարը քարին դնել։ Իսկ եթե նրանց էլ աջուձախ «փռելով» առաջ ես գնում, նշանակում է` ոչ մի ներդրման հույս չպիտի ունենալ։

Կարծում ենք` իրականության հետ առերսումը Նիկոլ Փաշինյանի մոտ սկսվեց այն պահից, երբ մոտեցավ հանրությանը եկող տարվա բյուջեն ներկայացնելու ժամը, բյուջե, որտեղ ՀՀԿ-ից ժառանգած ոչինչ չկա, դա ամբողջովին Փաշինյանի կառավարության բյուջեն է։ Եվ ո՜վ զարմանք, այս անգամ էլ հեղափոխական ակնկալիքներ չպետք է ունենալ, հասարակության սպասելիքներն այս առումով էլ չեն արդարանա։ Սա գիտակցելով է Փաշինյանը սկսել սիրաշահել գործարար հատվածին, իսկ թե նրանցից քանիսն այս անգամ կանսան նրա հորդորներին, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news