«Սրտումս՝ Երևան»․ քաղաքը տոնում է հիմնադրման 2801-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

«Սրտումս՝ Երևան»․ այս կարգախոսով այսօր՝ հոկտեմբերի 19-ին Երևանը կտոնի հիմնադրման 2801-ամյակը։ Հայաստանի մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել և դարձել է Երևան:

Այս տարի «Էրեբունի-Երևան 2801» միջոցառումները հավասարապես կտոնեն քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Միջոցառումների մեկնարկը ժամը 13:00-ին է: Վարչական ամեն մի շրջան իր բնակիչներին կներկայանա համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Էրեբունի — Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ը վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավիթաշենում: Էրեբունին քաղաքացիներին կդիմավորի ժողովրդական երգ ու պարով, իսկ Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում կհնչի էստրադային երաժշտություն, իսկ Նոր-Նորքում՝ Էլեկտրոնային: Նորք-Մարաշում կլինի ազգագրական տրամադրություն: Ռոքի հայ աստղերը կլինեն Նուբարաշենում, հեղինակ-կատարողները՝ Շենգավիթում: Իսկ Քանաքեռ-Զեյթունում կհնչի ռետրո երաժշտություն:

Երեկոյան ժամը 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:

Նշենք, որ այս տարի տոնական միջոցառումներին քաղաքային բյուջեից տրամադրվել է 150 մլն ՀՀ դրամ: 

Տեղեկացնենք, որ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով` քաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն: