Հանձնուքների արգելքի պատճառը Հոգեբուժարանում աղիքային վարակի կանխարգելումն է․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հեռախոսազանգեր է ստացել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) հացադուլ հայտարարած անձանցից: Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ը։

Ըստ ահազանգերի՝ հացադուլ հայտարարելու պատճառը եղել է իրենց ազգականների բերած պատրաստի սննդի մուտքը հոգեբուժարան արգելելը:

Ահազանգերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները մշտական կապի մեջ են եղել հոգեբուժարանի տնօրենի եւ փոխտնօրենի հետ, ինչպես նաեւ հետադարձ կապ են հաստատել հացադուլ հայտարարած անձանց հետ:

Հոգեբուժարանի տնօրինության պարզաբանման համաձայն՝ հանձնուքների արգելման նպատակը վերջերս Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում տարածված աղիքային վարակի կանխարգելումն է: Այն կրում է ժամանակավոր բնույթ և վերաբերում է բացառապես տնային պայմաններում եփված սննդին (բանջարեղեն, միրգ, հաց, քացրավենիք եւ այլ հում սննդի հանձնումն արգելված չէ):

Հացադուլ հայտարարած անձինք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում տեղեկացրել  են, որ իրենց տրամադրվել են բավարար պարզաբանումներ հանձնուքների ժամանակավոր սահմանափակման հարցի վերաբերյալ, եւ իրենք դադարեցրել են հացադուլը:

Հոգեբուժարանում գտնվող անձանց հոգեկան առողջության եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերը շարունակվում են մնալ Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Ավել վաղ 24News-ը հայտնել էր, որ Նուբարաշենի հոգեբուժարանի ավելի քան 50 հիվանդներ հացադուլ են արել՝ պահանջելով թույլ տալ իրենց հարազատների կողմից բերված հանձնուքները ընդունել։ Հիվանդները հրաժարվել էին հոգեբուժարանի սնունդից, քանի որ այն չէին հավանում։

Տեսանյութեր

Live

Լրահոս