Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց ինքնաբացարակի միջնորդությունը։

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։ Միջնորդությանը միացել էր նաև մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Ըստ մեղադրողի՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոններ, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Դատախազը մասնավորապես հղում էր արել 2019-ի մայիսի 21-ին «Armlur.am» կայքի մի հրապարակումներին, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։ Ըստ Բաղդասարյանի՝ այդ հանգամանքը բացառում է դատավորի մասնակցությունը տվյալ գործին։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք էր ներկայացրել։  Գործը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։