Պատգամավորների մի մասն առցանց կաշխատի, մի մասը կշարունակի ԱԺ գնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

քաղաքական

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու ու վարակով նոր դեպքեր չունենալու համար մի շարք կազմակերպություններ անցել են աշխատանքի հեռահար կամ առցանց ռեժիմի: Այսօր՝ մարտի 13-ին, Ազգային ժողովի աշխատակազմն ու պատգամավորները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից նույնպես նման հորդոր են ստացել:

«Հորդորում են՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերները ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանան»,- հայտարարություն-շրջաբերականում ասել է Միրզոյանը:
24News-ը խորհրդարանական խմբակցություններից հետաքրքրվեց՝ արդյո՞ք անսալու են ԱԺ խոսնակի հորդորին ու աշխատանքներն առցանց են կազմակերպելու: «Իմ քայլը» խմբակցությունից մեզ տեղեկացրին՝ այս պահին դեռևս քննարկում չեն ունեցել, չգիտեն՝ ինչպես են կազմակերպելու հետագա աշխատանքը: «Բայց ես կոնկրետ երկուշաբթի օրը գնալու եմ Ազգային ժողով, որովհետև աշխատանքային համակարգչիս մեջ են այն նախագծերը, որոնց վրա պետք է աշխատեմ»,- 24News-ին ասաց խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը, որ նախագահում է մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, մեզ հետ զրույցում ընդգծեց. «Այնպես չէ, թե այս օրերին պատգամավորները գլխապատառ կերպով գալիս են Ազգային ժողով, բայց ես իմ անունից կարող եմ ասել, որ շարունակելու եմ աշխատել խորհրդարանից: Հանձնաժողովում անելու բավական շատ աշխատանք կա, որ հնարավոր չէ առցանց անել: Խմբակցությունում այս մասին քննարկում չենք ունեցել»:

Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի» ու «Իմ քայլի» ՝ «Լուսավոր Հայաստանում» քննարկում ունեցել են ու որոշել հետաձգել հանրային նշանակության բոլոր միջոցառումները, քաղաքացիների հետ հանդիպումները: 24News-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նախ ողջունեց ԱԺ նախագահի տարածած շրջաբերականը, ապա ասաց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե հայտնաբերված 10-ը դեպք կա, ապա դա նշանակում է, որ 100-ից ավելի իրական դեպք գոյություն ունի: Շատ կարևոր է հենց սկզբնական շրջանում սահամանփակումներ կիրառել, որպեսզի հետագայում շատ ավելի ուժգին իրավիճակների չհանգենք: Կուսակցական ու խմբակցական աշխատանքներում որոշակի փոփոխություններ ենք մտցրել, որոշել ըստ անհրաժեշտության աշխատել առցանց ռեժիմով: Հնարավորինս պետք է լուրջ մոտենանք այս հարցին, որովհետև ինչքան շուտ են կանխարգելիչ գործողություններ իրականացվում,  այնքան հեշտ են լինում հետագայում «կռվել», «պայքարել» վիրուսի դեմ»:

Վրույր Սևակ