COVID-19 հայտնաբերող ռուսական լաբորատորիան Հայաստանում է. այն կարող է օրական 100 թեստ անել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել շարժական լաբորատորիաների հնարավորությունների մասին:

«ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Նշված կոմպլեքսը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը»,-գրել է ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ ՊՆ խոսնակը գրել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: