Պետք է կարողանանք հիվանդանալ այնքան, որքան մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

կորոնա

«Եթե կոպիտ ձևակերպեմ, ապա պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքան մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ունենալ մահճակալային տեղ, վերակենդանացման բաժանմունքի տեղ»։ Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի փոխանցմամբ՝ հզորությունները զարգացնում են, և ոչ մի միջոց չի խնայվի հետագա զարգացման համար, սակայն նա հավելել է, որ քաղաքացու անհատական վարքագիծը շատ կարևոր է. «Մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը, հակահամաճարակային շարժումն է իմ պատկերացրած այն տրամաբանությունը, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը»,- նշել է Փաշինյանը:

«Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին»,-հավելել է նա։ 

--0-- ՍՊ