Շենգավիթի սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: 

Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ:

ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ծառայության բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս