ՊԵԿ-ը մշտական ներկայացուցիչ կունենա Լարսի անցակետում․ Փաշայան

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 13, 24News

Thumbnail

Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացել է, որ Վրաստանը պատրաստվում է ավելի քան 6 թունել կառուցել դեպի Ռուսաստան։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

«Հանդիպումից հետո Վրաստանի կառավարությանը նամակ ենք փոխանցել և ասել, որ ուզում ենք համագործակցել ու պատրաստ ենք տալ նաև վիճակագրական տվյալներ, որպեսզի թունելը կառուցվի ո´չ թե միայն մեկ ուղղությամբ, այլ նաև թողնվի մի փոքր մեքենայի տեղ՝ որպես այլընտրանք, որ վթարների դեպքում ճանապարհը չպարալիզացվի, ինչպես հիմա»,- նշել է Միքայել Փաշայանը:

Փաշայանը նաև նշեց, որ Հայաստանի կողմից թունելի կառուցման գործում ֆինանսական աջակցության մասին դեռևս խոսք չի եղել, սակայն չի էլ բացառվում: Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրների պատճառները  լինում են և´ օբյեկտիվ, և´սուբյեկտիվ, իսկ Փաշայանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն օպերատիվ աշխատում է այդ ուղղությամբ:

«ՊԵԿ-ը նախաձեռնել է, որ ունենանք մշտական ներկայացուցիչ Լարսի անցակետում, այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ի դիվանագիտական ներկայացուցիչն անցակետում, որ կարողանանք գործընթացը կառավարել, քանի որ շատ դեպքերում մենք էլ չենք կարողանում հասկանալ խնդիրը»,- ասել է Փաշայանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը նաև տեղեկացրել է լրագրողներին, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև ԵԱՏՄ երկրներում ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ էլեկտրոնային ճանաչման համար: