Նոր մանրամասներ Թևոսյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Նոր մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին, Թևոսյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի վերաբերյալ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 26-ամյա Վարազդատ Խ.-ի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է նոյեմբերի 7-ին Թեւոսյան փողոցում մահվան ելքով ավտովթարի մեջ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանություն է, իսկ այնուհետև քննչական բաժին է ներկայացել 48-ամյա Գայանե Ս.-ն, ով փորձել է իրավապահներին մոլորեցնել, որ վթարի ժամանակ BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը, սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գայանե Ս.-ն փորձում է իր տղայի մեղքը վերցնել իր վրա՝ թացնելով իրական վարորդին, իսկ վարորդը եղել է նրա տղան, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ BMW-ն վարել է ոչ սթափ (ամենաբարձր խմածության աստիճան), ով, ի դեպ, զինծառայությունից ազատված է եղել։

Իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ նա մեկ այլ Mercedes-ի հետ «գոնկա է կպել», ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական վթարի պատճառ։

Քննչական բաժինը պարզել է նաեւ, որ Nissan-ը վարել է 23-ամյա Արսեն Արսենյանը, իսկ ճանապարհին կայանված վթարի ենթարկված Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի ավտոմեքենան էլ վարել է 38-ամյա Էդգար Գ.-ն։ Վթարի հետեւանքով Արսեն Արսենյանը տեղում մահացել էր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ BMW-ի վարորդի հետ «գոնկա կպած» ու փախուստի դիմած Mercedes-ն ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Արսեն Արսենյանի հայրն եւս տարիներ առաջ մահացել է ավտովթարից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում՝ Թեւոսյան փողոցում, բախվել էին Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի եւ Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով BMW-ն էլ բախվել էր հաստաբուն ծառին: